Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Աշխատանքային հանդիպում <<Հարավային Կովկասի երկրներում չափագիտական ծառայությունների և որակի ենթակառուցվածքների բարելավում>> ծրագրի շրջանակներում

Սույն թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտում (PTB) տեղի ունեցավ «Հարավային Կովկասի երկրներում չափագիտական ծառայությունների և որակի ենթակառուցվածքների բարելավում» թեմայով աշխատանքային հանդիպում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մհեր Բաբաջանյանը և որակի կառավարիչ Գևորգ Մարտոյանը:

Հանդիպման առաջին օրը Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) ներկայացուցիչները ներկայացրին 2019 թ.-ի սկզբին PTB-ի կողմից իրականացվելիք և տարածաշրջանային բնույթ կրող «Հարավային Կովկասի երկրներում չափագիտական ծառայությունների և որակի ենթակառուցվածքների բարելավում» նոր ծրագրի հիմնական դրույթները, նպատակները, արդիականությունը և ծրագրից ակնկալվող արդյունքները:

Երկրորդ և երրորդ օրերին հայկական, վրացական և ադրբեջանական կողմերը հանդես եկան զեկույցներով` նշելով տարածաշրջանի չափագիտության ազգային ինստիտուտների զարգացման հիմնական ուղիները, առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները և խոչընդոտող հանգամանքները: Կայացավ բաց քննարկում` հարց-պատասխան ձևաչափով, և մշակվեց 2019 թ.-ի ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ ըստ առաջնահերթությունների:

Հանդիպման չորրորդ օրը հատկանշական էր հատկապես հայկական կողմի համար: «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մհեր Բաբաջանյանը ձեռք բերեց պայմանավորվածություն՝ 2019 թ.-ին  մեզ մոտ տրամաչափարկման լաբորատորիաներ հիմնելու մասով: Իսկ որակի կառավարիչ Գևորգ Մարտոյանի նախաձեռնությամբ 2019 թ.-ի ծրագրում ընդգրկվեց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների վերապատրաստման հարցը: Արդյունքում 2019 թ.-ի փետրվար-հունիս ամիսներին արտասահմանյան առաջավոր կազմակերպություններում հայկական կողմի համար կիրականացվի վերապատրաստման 6 դասընթաց:

Հայկական կողմի համար այցն իսկապես շատ արդյունավետ էր: Հաշվի առնվեցին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների կարևորությունը և դրանց արդիականությունը, մատնանշվեց, որ հայկական չափագիտության ինստիտուտն իր զարգացման մակարդակով և հագեցվածությամբ էականորեն զիջում է տարածաշրջանում առկա մյուս չափագիտության ինստիտուտներին: Արդյունքում նախատեսվեց 2019 թ.-ին իրականացվելիք ծրագրի ֆինանսական միջոցների պահուստային ֆոնդից կատարել լրացուցիչ հատկացում ՀՀ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությանը` սարքավորումների տրամաչափարկման և որակի կառավարման համակարգի ստեղծման և ներդրման համար: