Ամեն տարի՝ մայիսի 20-ին, չափագետները՝ գիտելիքի ամենաճշգրիտ և անհրաժեշտ ճյուղերից մեկի ներկայացուցիչները, նշում են իրենց մասնագիտական տոնը։
Չափագիտության համաշխարհային օրն ընտրվել է ի նշանավորումն 1875թ. մայիսի 20-ին Փարիզում ստորագրված «Մետրական կոնվենցիայի» (Metre Convention), որը դարձել է առաջին միջազգային համաձայնագիրը չափագիտության բնագավառում (այն ժամանակ 17 պետությունների մասնակցությամբ)` հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական համակարգի։
Ի տարբերություն շատ մասնագիտական տոների՝ Չափագիտության համաշխարհային օրն ունի իր կարգախոսը, որը թարմացվում է ամեն տարի։ 2022 թվականի համար ընտրվել է «Չափագիտությունը թվային դարաշրջանում» թեման, քանի որ թվային տեխնոլոգիաները մեծագույն հեղափոխություն են և հասարակության ամենահետաքրքիր միտումներից մեկը։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերութ-յունը (հետագայում՝ Ընկերություն) ՀՀ տարածքում չափումների միասնականության ապահովման կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է և ազգային տնտեսության որակի ենթակառուցվածքի հենքային սյունը։ Օրենսդրական չափագիտական հսկողությունը ոչ միայն ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունն առողջապահական տեսանկյունից, այլ նաև կարգավորում է սպառող-վաճառող առևտրային հարաբերությունները։ 2004թ.-ից ի վեր Ընկերության մասնագետներն օրենսդրական չափագիտությանը զուգահեռ հիմնել, բարելավել և զարգացրել են Հայաստանի Հանրապետությունում չափագիտության գիտական և տեսական հիմքերը՝ դրանք հնարավորինս ներդաշնակեցնելով և մոտարկելով միջազգային լուրջ և հիմնարար չափագիտական կազմակերպությունների առաջադրած պահանջների և որակի հետ։
Այժմ Ընկերությունում ստեղծվում են տրամաչափարկման լաբորատորիաներ, ստեղծվում և սահմանվում են Ազգային չափանմուշներ։ Մասնավորապես` 2021-2022թթ. ընթացքում ստեղծվել են տրամաչափարկման երկու՝ Զանգվածի և անկյունագծային չափումների և Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիաներ։ Վերջինս հավատարմագրվել է ՀՀ հավատարմագրման ազգային մարմնի կողմից, իսկ մյուս լաբորատորիայի տեղական և երկու լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացներն այժմ ընթացքի մեջ են։ Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից կազմավորվել և որպես Ազգային չափանմուշ են ճանաչվել թվով 7 չափանմուշ.
- ռադիոֆիզիկական չափումների ոլորտում ճառագայթման դաշտի պարամետրերի անտենային 4 համալիր՝ ԱՉ ՀՀ 1-21; ԱՉ ՀՀ 2-21; ԱՉ ՀՀ 3-21; ԱՉ ՀՀ 4-21 Ազգային չափանմուշները,
- Զանգվածի չափումների ոլորտում զանգվածի միավորի ԱՉ ՀՀ 5-21 (1մգ-1կգ) Ազգային չափանմուշը,
- Դոզիմետրական և ռադիոմետրական չափումների ԱՉ ՀՀ 6-21 Ազգային չափանմուշը,
- Օդի հարաբերական խոնավության և ցողի կետի ջերմաստիճանի ԱՉ ՀՀ 7-21 Ազգային չափանմուշը։
Ընկերությունն անդամակցում է չափագիտության Եվրասիական տարածաշրջանային երկրների չափագիտական կառույցների համագործակցության ԿՈՈՄԵՏ կազմակերպությանը, ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ (ՄՊԽ) և ԵԱՏՄ համաձայնագրերի շրջանակներում համապատասխան կառույցների աշխատանքներին։
Ընկերությունը ձգտում է տարեցտարի ապահովել իր գործառույթների կայուն զարգացում ՀՀ չափումների միասնականության ապահովման համակարգում և դառնալ չափումների միասնականության ապահովման միջազգային համակարգի ճանաչված և ընդունելի մաս։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ չափագետ