Չափանմուշը (էտալոնը) ծառայում է ֆիզիկական մեծությունների վերարտադրման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցելու համար, սահմանում է տրված մեծությունը՝ հաստատված արժեքով և համապատասխան չափման անորոշությամբ, և օգտագործվում է որպես սկզբնաղբյուր: Չափանմուշը առանձնանում է նյութի կայունությամբ և ժամանակի ընթացքում հնարավորինս քիչ փոփոխման ենթարկվելու հատկությունով:
Գոյություն ունեն չափանմուշների հետևյալ տեսակները՝
- Միջազգային չափանմուշ` միջազգային համաձայնագրով միջազգային չափման միավոր համարվող չափանմուշ, որը կիրառելի է ամբողջ աշխարհում:
- Ազգային չափանմուշ` պետական լիազոր մարմինների կողմից առաջնային համարվող չափանմուշ, որը գործում է որպես առաջնային տվյալ պետության տարածքում և հիմք է ծառայում համապատասխան մեծության տեսակի մյուս չափման էտալոններին արժեք փոխանցելու համար:
- Առաջնային չափանմուշ` համաժողովով ընտրված, որպես նույնականացման միջոց հաստատված էտալոն, որը տվյալ գիտատեխնիկական ոլորտում ապահովում է հնարավոր առավելագույն ճշգրտությունը:
- Երկրորդային չափանմուշ` անմիջականորեն միևնույն տեսակի մեծության համար առաջնային էտալոնի հետ, կալիբրավորման միջոցով ստացված էտալոն:
- Փոխադրելի չափանմուշ` տարբեր վայրեր տեղափոխման և կիրառման համար նախատեսված էտալոն: Տվյալ էտալոնը կիրառվում է, եթե այս կամ այն պատճառներով բացակայում է էտալոնները անմիջականորեն համեմատելու հնարավուրությունը:
- Ելակետային չափանմուշ` տրված կազմակերպության կամ տրված վայրում միևնույն տեսակի մեծությունների մեկ դաս ցածր էտալոնների կալիբրավորման համար նախատեսված էտալոն: Տվյալ էտալոնը փոխանցում է տվյալները հիերարխիկ կառույցում իրենից ստորև գտնվող չափման միջոցներին:
- Աշխատանքային չափանմուշ` աշխատանքային չափման միջոցները ստուգաչափելու և կալիբրավորելու նպատակով կիրառվող էտալոն: Այն հայտնի է նաև որպես «ստուգող էտալոն» կամ «հսկող էտալոն» անվանումով: